Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչել` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ:
Անցած երեք տարիներին, որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Կարեն Կարապետյանն իր ողջ աշխատավարձը փոխանցել է հանրապետության մանկատների շրջանավարտներին:
Այս ուսումնական տարվա շրջանավարտների համար, մինչ Կարեն Կարապետյանի հրաժարականը փոխանցված աշխատավարձային գումարները հավելվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Արդյունքում, մանկատների 30 շրջանավարտների անուններով բացվել են բանկային հաշիվներ, և այսօր հիմնադրամի ներկայացուցիչները նրանց հանձնեցին իրենց բանկային քարտերը, որոնցից յուրաքանչյուրի վրա փոխանցվել է 300 հարյուր հազարական դրամ:
Ինչպես նշել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, «Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարները մանկատների շրջանավարտներին կօգնեն հասարակությանն ինտեգրվելու գործընթացն առավել դյուրինացնելու, ինչպես նաև ինքնուրույն կյանքի առաջին քայլերում առավել անկաշկանդ զգալու հարցում»:
«Սամվել և Կարեն Կարապետյանների համոզմամբ, երկրի ու պետության վաղվա օրը պետք է կերտել այսօր: Ուրեմն, կարևոր է աջակցել այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր ապագայում ստանձնելու են պատասխանատվություն ամենատարբեր ոլորտներում»,-ասել է Ճաղարյանը՝ հավելելով, որ Կարապետյան ընտանիքի համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ կարողանա բարձրակարգ կրթություն, մասնագիտություն ստանալ, ապա և հնարավորություն ունենա դրանք լիարժեքորեն կիրառել սեփական երկրում:
Արտակ Ճաղարյանը նաև նշել է, որ միջոցառումից անմիջապես առաջ իրեն է հանձնվել «Զատիկ» մանկատան տնօրենի ստորագրությամբ նամակ՝ ուղղված Կարեն Կարապետյանին: Նամակում գրված է, որ մանկատան երեխաներից մեկի առողջությունը ծայրահեղ ծանր է, և դեղորայքի ու բուժման համար գումար է անհրաժեշտ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հիմնադրամը այդ երեխայի բուժման համար կտրամադրի 400 հազար դրամ:
«ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը և «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը բարձր է գնահատել Կարապետյանների նման նախաձեռնությունները՝ նշելով, որ մանկատների շրջանավարտների համար այս գումարները բավական զգալի ու կարևոր աջակցություն են:







































