Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին քննադատել է նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ ժամանակավորապես հրաժարվել այն անօրինական ներգաղթյալների արտաքսումից, որոնք ծնողների հետ երկիր են տեղափոխվել դեռ փոքր տարիքում: Այդ հարցի վերաբերյալ Ռոմնին իր կարիքն արտահայտել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռոմնիի խոսքերով՝ Օբաման 3 և կես տարի ժամանակ է ունեցել այդ խնդրին լուծում առաջարկելու համար, սակայն նախագահը նախընտրել է դրանով զբաղվել նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Օբամայի մրցակիցը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունելիս նախագահը, ամենայն հավանականությամբ, ի թիվս այլ հարցերի, առաջնորդվել է քաղաքական նկատառումներով:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, սակայն, չի պատասխանել այն հարցին, արդյոք ինքը չեղյալ կհամարի Օբամայի որոշումը, եթե նախագահ դառնա: Ռոմնին միայն նշել է, որ անհրաժեշտ է անօրինական ներգաղթի խնդրի լուծման ընգրկուն ծրագիր:
Անօրինական ներգաղթյալների վերաբերյալ նոր քաղաքականության մասին Օբաման հայարարել էր հունիսի 15-ին՝ դա համարելով ժամանակավոր առաջարկ: Ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանին հայտնել է, որ ԱՄՆ-ը կհրաժարվի արտաքսել այն ներգաղթյալ երեխաներին, որոնք իրենց ծնողների հետ ներգաղթել են մինչև 16 տարեկանը: Այս պահին այդ մարդիկ պետք է լինեն ոչ ավելի, քան 30 տարեկան:
Ծրագրին կարող են մասնակցել այն ներգաղթյալների երեխաները, որոնք հանցանք չեն գործել և սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը: Ծրագրին մասնակիցները կարող են թույլտվություն ստանալ աշխատելու երկրում, սակայն քաղաքացիություն նրանք չեն ստանա:
Մամուլի հրապարակած գնահատականների համաձայն՝ Օբամայի վարչակազմի այս որոշումը թույլ կտա հարյուրհազարավոր երիտասարդ ներգաղթյալների օրինական կարգավիճակ ստանալ: Անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում գերազանցում է 11 մլն-ը:








































