Իրանի գիտնականները և ինժեներները մշակում են համակարգչային պաշտպանության ծրագիր, որը կօգնի արտացոլել կիբերհարձակումները: Համապատասխան հայտարարություն այսօր արել է Իրանի Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին:
«Անցած տարի, ըստ մեր օրացույցի, համակարգչային հրաման է ստեղծվել, հիմա մեր հիմնական խնդիրը նրա դոկտրինայի ձևակերպումն է: Դրա հետ մեկտեղ ամենակարևորը համակարգչային նոր վիրուսներից պաշտպանվելու մեթոդներ մշակելն է»,- հաղորդել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ վերջին տարիների ընթացքում Իրանն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է կիբերհարձակումների, որոնք կոչված են եղել արդյունաբերությունը կաթվածահար անելու: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ բոլոր սպառնալիքները ժամանակին հայտնաբերվել և չեզոքացվել են:
Ջալիլը նաև պատմել է, որ իսլամական հանրապետության կիբերպատերազմների դոկտրինայի մշակումը կկրի բացառապես պաշտպանական բնույթ: Հարկ է նշել, որ դա հակասում է նախորդ հայտարարություններին, համաձայն որոնց՝ Իրանը կիրականացնի նաև հարձակումներ:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում համակարգչային անվտանգության մասնագետները հայտնաբերել են չորս հաջող ներթափանցում իրանական կարևոր օբյեկտների համակարգիչներ: Մասնագետները հայտարարել են, որ նման վիրուսները, ինչպիսին են Stuxnet-ը և Flame-ը, հնարավոր չէ մշակել առանց պետական կառույցների մասնակցության: Դրա հետ կապված՝ Թեհրանն այդ հարձակումների համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին: Նրանք իրենց հերթին պատասխանատվություն չեն վերցրել իրենց վրա:









































