Սիրիական ընդդիմությունը կիրակի օրը քննադատել է դիտորդական առաքելության աշխատանքները դադարեցնելու ՄԱԿ-ի որոշումը, հայտարարելով, որ միջազգային հանրության կողմից անարդար և անընդունելի է խաղաղ բանկիչների պաշտպանությունն ընդհատելը։ Նախօրեին ՄԱԿ դիտորդների առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը հայտարարել էր դիտորդական խմբի աշխատանքների դադարեցման մասին: Նրա խոսքերով` ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմության ուժերն անտեսում են Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը:
Ինչպես նախօրեին հայտարարել էր Մուդը, դիտորդները չեն իրականացնելու դիտարկումներ և կմնան իրենց նշանակման վայրում, քանի դեռ նոր հրաման չկա:
Սիրիայում արդեն մեկ տարուց ավել է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք վերածվել են զինված պայքարի: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվածների թիվն արդեն հասել է 12 հազարի:








































