Ֆրանսիական Le Figaro թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրը, հայտնում է, որ Ռուսաստանը գարնանը նոր ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) է տեղակայել Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանում՝ թուրք-սիրիական սահմանին:
Այդ ՌՏԿ-ն Ռուսաստանին հնարավորություն է ընձեռում հետևելու ՆԱՏՕ-ի օբյեկտներին, իսկ Դամասկոսին հնարավորություն է տալիս հետևելու ռազմավարական կարևորություն ունեցող այդ շրջանում սիրիացի ընդդիմադիրների տեղաշարժերին:
Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանի համար այդ ՌՏԿ-ն ծառայում է երկու նպատակի. մի կողմից դրա շնորհիվ հնարավոր է լինում հետևել Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազային, իսկ մյուս կողմից այն Բաշար Ասադի ռեժիմին հնարավորություն է տալիս ավելի լավ հետևել Թուրքիային սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններն, ուր Սիրիական ազատ բանակի դրոշի ներքո գործում են հարյուրավոր ընդդիմադիրներ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիային մարտական ուղղաթիռների մատակարարման համար, որոնք, Քլինթոնի պնդմամբ, Ասադի ռեժիմը կիրառում է խաղաղ բնակչության դեմ:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թուրքիայի արևելյան հատվածում ընկած Մալաթիայի նահանգում ամերիկյան ՌՏԿ-ի տեղակայումը առաջացրեց Ռուսաստանի դժգոհությունը, քանի որ այն ունակ է «ծածկել» Ռուսաստանի տարածքի մի մասը, ինչպես նաև Իրանի տարածքը:








































