«Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով երկպալատ խորհրդարանի գաղափարին, կարծիք հայտնեց, որ պետք է պատճառները և նպատակը միմյանցից զատել.
«Մեզ համար միանշանակ ընդունելի է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է ներգրավվածություն ունենան Հայաստանի կառավարման համակարգում, նրանք իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի քաղաքական կյանքում, բայց Հայաստանն էլ նրանց նկատմամբ պարտավորություն պետք է կրի»:
Սակայն Մարտիրոսյանը համաձայն չէ իշխանությունների ներկայիս առաջարկի հետ.
«Սա ավելի շատ քարոզչական հնարք է իշխանությունների կողմից, որովհետև հայ-թուրքական արձանագրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ օտարվել են Սփյուռքի մեր հայրենակիցներից և Սփյուռքի ներկայացուցիչները բացասական կարծիք ունեն իշխանությունների վերաբերյալ, իշխանությունները որոշել են 2012-13թ.թ. ընտրություններին ընդառաջ նմանատիպ քայլ են իրականացնում»:
Մարտիրոսյանի գնահատմամբ, այս քայլով իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ սփյուռքահայերը կանգնած չլինեն ընդդիմության կողքին և հնարավորինս կարողանան Սփյուռքին չեզոքացնել առաջիկա ընտրություններից առաջ:
«Ժառանգության» պատգամավորի խոսքերով, այդ ամենի իրականացման մեխանիզմները ևս բարդ են, քանզի քվոտաների բաժանման խնդիրը ևս որոշված չէ: