«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հետընտրական հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ՕԵԿ-ը ներկառուցվածքային փոփոխություններ է իրականացնելու կուսակցության ներսում` խստացնելով անդամագրման կարգը:
«Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»,- ասել է նա:
Ա. Բաղդասարյանի խոսքով, Հայաստանում առաջին անգամ ընտրություններն անցել են առանց լցոնումների և ծեծկռտուքների, ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ և կուսակցությունների վերահսկողության ներքո:
«Որպես ՕԵԿ նախագահ իմ շնորհակալությունն եմ հայտնում հատկապես կուսակցության այն անդամներին և համակիրներին, ովքեր քվեարկել են մեր օգտին, շնորհիվ որոնց «Օրինաց երկիրը» հնարավորություն ստացավ չորրորդ անգամ անընդմեջ ունենալ իր պատգամավորական խմբակցությունը Ազգային ժողովում»,- ընդգծել է ՕԵԿ նախագահը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































