Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 10-ին կհրապարակի իր որոշումը` ազատե՞լ 2010 թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալված Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին կալանքից, թե՞ ոչ: Այս միջնորդությունն այսօր դատարանին ներկայացրել է պաշտպանական կողմը, որն, ի դեպ, համալրվել է 2 նոր պաշտպաններով:
Վահրամ Քերոբյանը դեռ 2 դատական նիստ առաջ էր հրաժարվել իր նախկին պաշտպան Գիվի Հովհաննիսյանից և ընդգրկել նոր պաշտպանի` Երվանդ Վարոսյանին, ում կողմից գործի նյութերին ծանոթանալու միջնորդությամբ էլ նախորդ դատական նիստը հետաձգվեց: Իսկ այսօր, ահա, Քերոբյանը ևս մեկ պաշտպան է ընգրկել` Լուսինե Սահակյանին: Դատավոր Մխիթար Պապոյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ այն կհրապարակվի մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ` ՀՀ քր.օր.-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քր. գործը դատաքննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Դատավարությունը մինչև ս.թ. հունվարի 11-ը վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Ըստ մեղադրանքի` գողացվել է 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի: 32-ամյա Ստեփան Հովակիմյանն ու 28-ամյա Վահրամ Քերոբյանն արդեն 2 տարի է` պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն մինչ օրս որևէ վարույթ չի հարուցվել ձերբակալման առաջին օրերին Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու մասին վերջինիս հայտարարությունների վերաբերյալ:
Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործի վարույթի երկարաձգման և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումների իրականացման կասկածանքի առնչությամբ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացվելու:










































