Ոստիկանությունն ուսումնասիրում է «Դոդի Էդոյի» կողմից անմեղ վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում երեկ «Առաջին լրատվական»-ի հրապարակած տեղեկատվության հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետը Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ գտնվող բենզալցակայանում դաժան ծեծի էր ենթարկել Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդին:
Ըստ ականատեսների՝ դաժան ծեծի պատճառը եղել էր այն, որ «Դոդի Էդոյի» ՝ ճանապարհ տալու պահանջին վարորդը չէր արձագանքել: Ականատեսները նաև փաստել էին, որ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաև վարորդի կինը:









































