Այսօր ժամ 13:00-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի թիվ 21/19 ընտրատեղամասում մի կին քվեարկել է ուրիշի անձնագրով: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Անձնագիրը եղել է Խանում Մկրտչյանինը, որն ունեցել է Գյումրի քաղաքի հաշվառում:
Քաղաքացին հասցրել է քվեարկել, որից հետո նրա ձեռքից անձնագիրը վերցրել է տեղամասում գտնվող լրագրողներից մեկը: Սակայն քիչ անց ընտրատեղամաս է ներխուժել մի երիտասարդ, լրագրողի ձեռքից խլել անձնագիրն ու նրան հայհոյելով՝ հեռացել:
Մինչ միջադեպը թիվ 21/19 ընտրատեղամասի նախագահ Անահիտ Մանուկյանը ջերմ զրուցել է երիտասարդի հետ՝ նրան անվանելով «իմ տղա», սակայն երբ տեղամասում երիտասարդն իրեն անվայել է պահել, Ա. Մանուկյանն ասել է, թե նրան չի ճանաչում:
Ավելին՝ Անահիտ Մանուկյանը ոչինչ չի ձեռնարկել տեղամասում խուլիգանություն թույլ տված երիտասարդին կարգի հրավիրելու համար: Ոստիկանները բակում են եղել և նույնպես չեն միջամտել կատարվածին, նույնիսկ տարածք չեն մտել:
Գյումրի քաղաքի հաշվառում ունեցող քաղաքացու անձնագրի «գողությունից» հետո Անահիտ Մանուկյանի տրամադրությունը ավելի է բարձրացել: Նա անընդհատ փորձել է ցույց տալ, որ կատարվածը ոչինչ է:







































