Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր «Շարիթե» գերմանական կլինիկայի բժիշկների հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ խարկովյան հիվանդանոցներից մեկում բուժվելու նախնական համաձայնություն է տվել: Այս մասին, ըստ ИТАР-ТАСС–ի, այսօր լրագրողներին հայտնել է երկրի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ռաիսա Մոիսենկոն։
Նրա խոսքերով՝ Տիմոշենկոն մայիսի 8-ից պատրաստ է բուժում ստանալ` «Շարիթե» կլինիկայից բժշկի ժամանման պայմանով, որին խորհուրդ է տվել գերմանական կողմը»:
«Գերմանացի բժիշկներն ուղղիչ ծառայության բժիշկների հետ միասին այսօր հանդիպել և երկարատև զրույց են ունեցել Տիմոշենկոյի հետ: Վերջինս զրույցի արդյունքում ստացիոնար բուժվելու նախնական համաձայնություն է տվել»,- ասել է Մոիսենկոն: Նա հստակեցրել է, որ բժիշկների պատվիրակության կազմում է եղել կլինիկայի պրոֆեսոր Կառլ Մարքս Այնխոյպլան, ինչպես նաև՝ Նորբերտ Խաասը:









































