«Մեզ հետ այդ դեպքը կապ չունեցող է, քաղաքական բնույթ չունի: Ո՛չ ՀՀԿ-ի հետ կապ ունի, ո՛չ ԲՀԿ-ի, քաղաքացիները իրար հետ նստել են գարեջուր խմելու, կենաց ասելու, վիճել են: Ոչ մի լարված պայքար էլ չկա, ամեն ինչ նորմալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ երեկոյան Մասիսի սրճարաններից մեկում տեղի ունեցած վեճը, ասաց Մասիսի շրջանի թիվ 16 ընտրատարածում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը:
ԲՀԿ-ի շտաբի ղեկավար Վրեժ Գրիգորյանն էլ տեղյակ չէր միջադեպից։ Ասաց, թե այդ ժամանակ տեղում չի եղել և ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ մայիսի երեքին՝ ժամը 22.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ գլխի մասում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կարեն Տ.-ն՝ բուժօգնություն ստանալու համար: Նշենք, որ լրատվամիջոցներում միջադեպին քաղաքական ենթատեքստ են տալիս և կապում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի համակիրների հետ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը, դեռ չպարզված հանգամանքներում, հարվածել է Կարեն Տ.-ին:
«Առաջին լրատվական»-ը հեռախոսով կապվեց նաև Մասիսի քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի հետ: Նա հերքեց, թե Մասիսում լարված մթնոլորտ է եղել, և քաղաքը երեկ երեկոյան հիշեցրել է ամերիկյան թրիլլերների հայտնի կադրերը. «Տենց բաներ ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ազիզ ջան»:
Հարցին` կրակոցներ չե՞ք լսել, ոստիկանների մեծ թի՞վ էլ չի եղել, պատասխանեց. «Դե, ես ինչ իմանամ, հրապարակը մեզանից հեռու ա, ո՞նց լսեի կրակոցներ: Ես որ առավոտը եկել եմ գործի, նոր իմացել եմ, որ տենց բան ա եղել: Ո’չ ոստիկան եմ տեսել հրապարակում, ո’չ մի բան: Չգիտեմ՝ էդ սենսացիաները որտեղից են լրատվամիջոցները տարածում մամուլում: Ինձ, խնդրում եմ, տենց բաներ մի հարցրեք»:
Հիվանդանոց տեղափոխված Կարեն Տ.-ի մասին էլ քաղաքապետն ասաց. « Ես էլ եմ լսել ձեզ նման, ազիզ ջան: Նույնիսկ էդ տղայի անունը որ տալիս են, մեր ավագանու անդամ է, շատ խելոք, խելացի, ընտրված ավագանու անդամ ա: Ես չգիտեմ` ոնց է եղել, կռվի մեջ է եղել, չի եղել, ես էլ ձեր նման լսել եմ, որ հիվանդանոցում պառկած ա: Ինչքան գիտեմ՝ կուսակցական պատկանելություն չունի: ԲՀԿ կուսակցությունից որ չի»:
Փորձեցինք կապվել նաև ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի հետ, վերջինս, սակայն, հրաժարվեց դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ` ասելով, թե շտապում է խորհրդակցության:









































