Ստեֆանի Ջերմանոտան, որը առավել հայտնի է աշխարհին Լեդի Գագա բեմական անունով, շարունակում է իր բարեգործությունը՝ ուղղված 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայի երկրաշարժից ու ցունամիից տուժածներին:
Ապրիլի 30-ին Yahoo! կայքում 1 իենով աճուրդի է հանվել նրա ճենապակե թեյի բաժակը՝ պնակով: Ի դեպ, բաժակի վրա մնացել են Լեդի Գագայի շրթներկի հետքերը: Բաժակի վրա գրված է «Մենք աղոթում ենք Ճապոնիայի համար»: Որպես բոնուս առաջարկվում է փոփ-աստղի ստորագրությունը:
Արդեն մի քանի ժամ անց բաժակի համար պայքարել են 500 գնորդներ: Վերջին առաջարկը 50 հազար դոլար է՝ 4.1 մլն իեն: Ավելի վաղ Լեդի Գագան հայտարարել էր, որ ստացված միջոցները կուղղվեն ԱՄՆ-ում սովորել ցանկացող ճապոնացի երիտասարդ նկարիչների օգնության ֆոնդին:
Տարերային աղետներից հետո Լեդի Գագան երկու անգամ եղել է Ճապոնիայում: Նա իր երկրպագուներին կոչ էր արել հետևել իր օրինակին և օգնել տուժածներին:
Նշենք, որ երգչուհու նախաձեռնությունը նաև բացասական արձագանքներ է ստացել: Որոշ լրատվամիջոցներ հայտարարել էին այն մասին, որ հավաքված գումարները հասցեատերերին չեն հասել, կորել են ճանապարհին: Սակայն ԶԼՄ-ները չեն կարողացել ապացուցել հայտարարությունների իսկությունը:









































