News Georgia-ի փոխանցմամբ` ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Դոնալդ Թրամփն այսօր երկօյա այցով ժամանել է Վրաստան։ Թրամփի վրացական այցը պետք է տեղի ունենար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, ապա՝ այս տարվա փետրվարին, սակայն երկու դեպքում էլ այն հետաձգվել էր:
Թրամփը Վրաստան է ժամանել իր օգնականի հետ՝ սեփական ինքնաթիռով: Թբիլիսիի օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան ու Silk Road Group-ի ղեկավար Գիորգի Ռամիշվիլին: Silk Road Group-ը Վրաստանում Թրամփի ընկերության գործընկերն է:
Այսօր Թրամփը Թբիլիսիում հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ, իսկ երեկոյան կմեկնի Բաթում, ուր և վաղը կմասնակցի այնտեղ կառուցվելիք Trump Tower երկնաքերի (47 հարկ) նախագծի շնորհանդեսին, որի կառուցումը պետք է ավարտվի 2013 թվականին:
Թրամփը պլանավորել է ևս մեկ երկնաքեր կառուցել Թբիլիսիում։ Երկնաքերների կառուցման նախագիծը գնահատվում է 250 միլիոն դոլար։









































