Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարեց եվրոպական 100 ընկերությունների ապրանքների ներկրման դադարեցման մասին:
Այս մասին հայտարարել էր կազմակերպության ղեկավար Համիդ Սաֆդելը՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցների պատասխանը.
«Մի քանի օրվա ընթացքում եվրոպական այն կազմակերպությունների մեծ մասը, որոնց նկատմամբ մենք պատժամիջոցներ ենք սահմանել, պաշտոնական խնդրանքով դիմել է մեզ այդ որոշման վերանայման համար: Իրանի նկատմամբ եվրոպական երկրների կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը ժամանակավրեպ էր, և ինչպես մենք ակնկալում էինք, հիմնական հարվածը հասցվեց հենց իրենց՝ եվրոպացիներին:
Եվրոպական երկրներից ապրանքների ներկրման դադարեցման վերաբերյալ մեր որոշումը հանդիսացավ ԵՄ-ի սահմանած այդ պատժամիջոցների պատասխանը: Եվրոպական ընկերությունների ղեկավարությունն անհապաղ բանակցությունների մեջ մտավ մեզ հետ, որոնց ընթացքում ցանկություն հայտնեց մնալ իրանական շուկայում ու տվյալ խնդիրը լուծել բանակցային ճանապարհով:
Ազգային շահերի և իրանցի սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է: Եվրոպական ընկերությունների հետ մեր համագործակցությունը կախված կլինի նրանց դիրքորոշումից»:









































