Ռաֆայել Քոթանջյանը բռունցքի մի հարվածով միջին ծանրության վնաս է պատճառել Ժորա Հակոբյանին. ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Ժորա Հակոբյանի ստացած մարմնական վնասվածքները` ստորին ծնոտի երկկողմանի փակ կոտրվածքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով: Փաստորեն, փորձագետը ժխտել է Ռաֆայել Քոթանջյանին պաշտպանելու նպատակով Ժորա Հակոբյանի այն պնդումը, թե կոտրվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Բայց չմտածեք, թե Ժորան ու Ռաֆայելը մշակույթի աշխարհի մարդիկ են, դրա համար է տուժողը ամբաստանյալին պաշտպանելու փորձ արել, պարզապես նրանք զինծառայողներ են: Ռաֆայել Քոթանջյանը ձեր ճանաչած սիրված դերասանը չէ, այլ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի բռնցքամարտի և սուսերամարտի բաժնի ուսանող:
Ռաֆայել Արայի Քոթանջյանը և Ժորա Արմենի Հակոբյանը, որպես ժամկետային զինծառայող, զորակոչվել են բանակ ու որպես շարքայիններ իրենց ծառայել են Արմավիրի մարզի զորամասերից մեկի` հակաօդային բրիգադում: 2011թ. հոկտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում, վաշտի զորանոցում նրանք կատակել են միմյանց հետ, որի ընթացքում Ժորան Ռաֆայելին ասել է, որ նա շարք կանգնի` ճաշարան գնալու համար… Վերջինս հայտնել է, որ քաղցած չէ և չի ուզում գնալ ճաշարան, ինչից հետո Ժորա Հակոբյանն անհասցե սեռական բնույթի հայհոյանք է տվել… Ռաֆայել Քոթանջյանը կարծել է, թե ընկերն իրեն է հայհոյում, մոտեցել է Ժորա Հակոբյանին և խախտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի` զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու վերաբերյալ պահանջները, բռնություն է գործադրել Ժորայի նկատմամբ` դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա ծնոտին ու կոտրել այն: Դրանով վեճն ավարտվել է, ինչից հետո Ժորային տարել են ուղիղ բժշկի մոտ, իսկ Քոթանջյանին` հարցաքննության, այնուհետև` ռազմական ոստիկանության կողմից նա ենթարկվել 7-օրյա մեկուսացման` կարգապահական տույժի: Քրգործ է հարուցվել և Ռաֆայել Արայի Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների կանոնագրքային կանոնները խախտելու համար, որի հետևանքով Ժորա Հակոբյանը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք: Քոթանջյանը լիովին ընդունել է մեղքը, դատարանում զղջացել կատարածի համար ու նշել, որ անզգուշորեն է հարվածել և ոչ թե դիտավորությամբ:
Այդուհանդերձ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Ռաֆայել Արայի Քոթանջյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում (ՀՀ քր.օր.-ի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ) և դատապարտել ՌՈ կարգապահական գումարտակում պահելու 1 տարի ժամկետով` հրամանատարության հսկողությանը հանձնելու խափանման միջոցը փոխարինելով կալանքով: Դատարանի դատավճռից դժգոհ է մնացել մեղադրող կողմը և վերաքննիչ բողոքով պահանջել` նշանակել ավելի խիստ պատիժ:







































