Արդեն երրորդ օրն է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի մարդիկ պատռում են «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գոհար Վեզիրյանի նախընտրական պաստառները և դրանց տեղը սոսնձում Լյովա Խաչատրյանինը: Այս մասին Վեզիրյանը հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ պատրաստվում է կատարվածի մասին հաղորդել ոստիկանությանը:
«Ես Լյովա Խաչատրյանին բազմիցս հրավիրել եմ բանավեճի, բայց նա չի ընդունել իմ հրավերը: Գիտեմ՝ ինչու: Մինչդեռ այլ թեկնածուների հետ նա հեռուստաբանավեճերի մասնակցել է: Ինձ շատ դժվար է պայքարել միայն գաղափարներ քարոզելով, այն դեպքում, երբ Խաչատրյանը գործի է դնում այլ միջոցներ՝ ընտրողներին խոստացել է ասֆալտել բակերը, «բեսեդկաներ» տեղադրել: Բայց եթե անգամ տասից երեք հոգի գա իմ ետևից, ես ջախջախիչ հաղթանակ եմ տանելու»,- ասաց լրագրողը:
Ամփոփելով՝ Գոհար Վեզիրյանը նկատեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ավելի հեռուն է գնացել և անգամ «նեղություն չի քաշում» պոկել իր պաստառները: «Նա ուղղակի իմ պաստառների վրա սոսնձում է իրենը»,- ասաց նա:









































