Ապրիլի 13-ին փարիզյան մետրոյում ձերբակալվել է տղամարդ, ով իրեն հայտարարել է «թուլուզյան հրաձիգ» Մուհամմեդ Մերա: Այս մասին հաղորդում է Le Point-ը:
Ուրբաթ օրը 30-ամյա մարոկկացին Սեն-Դենի շրջանում վագոն է մտել և ավտոմատ ատրճանակը պահել է ուղևորներից մեկի վրա. «Ես Մուհամմեդ Մերան եմ և ես կսպանեմ քեզ»,- ասել է նա: Ուղևորները կապի կոճակի միջոցով միջադեպի մասին հայտնել են մեքենավարին, և նա անհապաղ կանգնեցրել է գնացքը: Հանցագործն օգտվել է կանգառից՝ վագոնից փախչելու և թունելում թաքնվելու համար: Սկզբում նա նստել է պատի խորշում, ապա քայլել է ռելսերի վրայով: Այդ միջադեպից հետո գնացքների ընթացքը մեկ ժամվա ընթացքում դադարեցվել է:
Associated Press-ի վարկածի համաձայն՝ ուղևորները հանցագործին նկատել են նրա անփութության պատճառով. ատրճանակը լիցքավորելիս նա փամփուշտը գցել է գետնին: Այս վարկածը համընկնում է ականատեսների ցուցմունքներին, ըստ որոնց՝ հանցագործին պատկանող 45 տրամաչափի Кольт ատրճանակը «չլիցքավորված է թվացել»:
Միջադեպից հետո փարիզյան ոստիկանությունը ձերբակալել է «Մերա» ինքնակոչին և կալանավորել: Ձերբակալվածն իր մոտ, բացի ատրճանակից, ունեցել է նաև 16 փամփուշտ և երկու հազար եվրո: Պարզվել է, որ տղամարդն, ում անունը չեն հայտնում, նախկինում կատարել է տասնյակ հանցագործություններ: Տեղի ոստիկանությունում կարծում են, որ «թուլուզյան հրաձիգի հետնորդը» հոգեպես առողջ չէ:









































