Իրանից Հայաստան նավթամթերք չի գալիս և մոտ ապագայում չի էլ գա: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարության հետ կա համագործակցության մասին պայմանավորվածություն, որի շրջանակում նախատեսվում է Թավրիզից մինչև Երևան կառուցել նավթամթերքատար խողովակաշար, որը հնարավորություն կտա Պարսից ծոցից նավթամթերք՝ բենզին, դիզվառելիք տեղափոխել Հայաստան: Սակայն այս գաղափարի շուրջ առայժմ գործնական քայլեր արված չեն, և ծրագիրն ընդամենը քննարկման փուլում է: «Բնականաբար, պետական մակարդակով Իրանից Հայաստան նավթամթերք չի տեղափոխվում»,- նշեցին նախարարությունից:
Հայ-իրանական նավթային ծրագրերի առումով աննշան շարժ սպասվում է վաղը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է նիստում հաստատել «Մայրուղային նավթամթերքատարի տեխնիկական շահագործման կանոններ տեխնիկական կանոնակարգը»:
Հիշեցնենք, որ օրերս Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին իրանական լրատվական գործակալությանը հայտարարել էր, որ Իրանի մասնավոր սեկտորը առաջին փուլում նավթամթերք կարտահանի դեպի Հայաստան ավտոճանապարհներով, ապա արտահանումը կշարունակվի խողովակաշարերով։
Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի կառուցման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս 2005-ից, և ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե Իրանի և Հայաստանի ղեկավարությունը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների միջև նավթամուղի կառուցման վերաբերյալ, նույնիսկ 2 անգամ շինարարությունը սկսելու ամսաթիվ էր հրապարակվել՝ 2009թ., հետո 2010թ. աշուն:







































