Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Հնդկաստանի վարչապետ Մոնմոհան Սինգխի հետ հանդիպումը համարել է «պտղաբեր»: Իր հերթին, Սինգխը ևս, ինչպես հաղորդում է “Интерфакс”-ը, բավարարված է եղել հանդիպումից:
«Մենք կցանկանայինք բարելավել հարաբերությունները Հնդկաստանի հետ»,-հայտարարել է Պակիստանի առաջնորդը: «Մենք խոսել ենք բոլոր կարևոր թեմաների շուրջ, շատ պտղաբեր հանդիպում ենք ունեցել»,- ավելացրել է նա:
Ինչպես հստակեցնում է BBC-ն, երկու առաջնորդները կոչ են արել ամրապնդնել իրենց երկրների միջև հարաբերությունները և հույս են հայտնել, որ մոտ ապագայում Պակիստանում նոր հանդիպում տեղի կունենա:
Հնդկաստանի վարչապետի խոսքով` Զարդարին նրան Իսլամաբադ է հրավիրել, և նա «ուրախ կլինի դա անել, երբ մենք մեզ համար հարմար ամսաթիվ նշանակենք»:
Մոնմոհան Սինգխի հետ հանդիպումից հետո Զարդարին ուղևորվել է Ռաջաստանի ծայրամաս` մահմեդական սրբին խոնարհվելու:
Հիշեցնենք, որ 1947թ. անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրների միջև հարաբերությունները բարդացել են հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգների պատկանելության վեճի պատճառով: Այդ նահանգները հիմնականում մահմեդական են: Բացի դրանից` լարվածությունը սրվել է Մումբայում 2008թ. տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որը, հնդկական իշխանությունների կարծիքով, իրականացրել են Պակիստանի տարածքից եկած գրոհայինները:







































