ԱՄՆ-ում արջը մի զբոսաշրջիկի փրկել է պումայի հարձակումից: Այդ մասին տեղեկացնում է Sky News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հյուսիսում, երբ 69-ամյա Ռոբերտ Բրիգսը, զբոսնելով ազգային այգիներից մեկում, նկատել է իր քոթոթների հետ խաղացող արջին: Տեսնելով կենդանուն` զբոսաշրջիկը որոշել է փոխել ճանապարհն ու ետ է դարձել, երբ հանկարծ հետևից նրա վրա է նետվել մի պումա:
Տղամարդու մեջքին պայուսակ է եղել, որը մեղմացրել է կենդանու հարձակումը: Ռ. Բրիգսը փորձել է քարով հարվածել կենդանուն, սակայն պուման էլ ավելի ուժեղ է բռնել պայուսակից:
Հենց այդ պահին դեպքի վայրին է մոտեցել արջը: Նա ուժեղ հարվածով պումային նետել է զբոսաշրջիկի վրայից, և կենդանիների միջև լուրջ պայքար է սկսվել: Սակայն այն երկար չի տևել. պուման արագ նահանջել է, որից հետո հեռացել է նաև արջը:
Ռ. Բրիգսը, որը մի քանի լուրջ քերծվածքներ և կապտուկներ էր ստացել, կարողացել է ինքնուրույն տուն հասնել:










































