Պակիստանում մի 13-ամյա դեռահաս ինքնասպանություն է գործել, երբ ծնողները հրաժարվել են իր համար նոր դպրոցական համազգեստ գնել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կամրան Խանն աղքատ ընտանիքի երեխա էր, սակայն, քանի որ շատ խոստումնալից աշակերտ էր, անվճար մասնավոր դպրոց էր այցելում: Ըստ դեռահասի եղբոր՝ նա մի քանի շաբաթ շարունակ ծնողներին խնդրել է իրեն նոր դպրոցական համազգեստ գնել, քանի որ հին համազգեստն արդեն շատ մաշված էր, և նա ամաչում էր դրանով դպրոց գնալ:
Չնայած նրան, որ ծնողները չէին կարող իրենց ավելորդ ծախսեր թույլ տալ, տղան շարունակել է նոր համազգեստ խնդրել՝ դրանով զայրացնելով մորը, ով զայրույթի պահին մի քանի անգամ հարվածել է որդուն:
Ի պատասխան դրան՝ Կարմանը խոստացել է ինքնասպանություն գործել և առանց պատասխան արձագանքի սպասելու՝ իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:
Տղան մարմնի մակերեսին 65% այրվածք է ստացել և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մեկ շաբաթ անց մահացել :
Հարկ է նշել, որ Պակիստանի 170 մլն բնակչության մոտ 60%-ն ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ. ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ օրական 2 դոլարից ոչ ավելի եկամուտով: Միևնույն ժամանակ, ըստ Պակիստանի կառավարության՝ քաղաքացիների մոտ 30 տոկոսը դպրոց է հաճախել ընդամենը 2 տարի:









































