«Սիրիայի բարեկամների խմբի» ստամբուլյան հանդիպումը ցույց է տվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը վերջնականապես կորցրել է օրինականությունը, և միջազգային հանրության առջև խնդիր է դրված հնարավորինս արագ ազատել սիրիացի ժողովրդին նրանից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարություն է արել Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Բուրհան Ղալիունը:
Ամփոփելով ֆորումի արդյունքները՝ նա նշել է, որ Ստամբուլում տեղակայված ընդդիմադիր խորհրդի ճանաչումը՝ որպես «բոլոր սիրիացիների օրինական ներկայացուցիչ» և բանակցային գործընթացի «գլխավոր գործընկեր», նշանակում է, որ «Ասադի կառավարման վերջը եկել է»:
ՍԱԽ ղեկավարը նշել է, որ ֆորումի մասնակիցների կողմից «ընդդիմության ինքնապաշտպանության իրավունքի» ճանաչումը ճանապարհ է բացում, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի կողմից ապստամբներին ավելի արդյունավետ աջակցելու:
Ղալիունը հայտնել է, որ մի շարք նավթարդյունահանող միապետությունների կողմից տրամադրվող միջոցները հնարավորություն կտան վճարել սիրիական բանակից փախած և ընդդիմության կողմից կռվող սպաներին և զինվորներին:
Սիրիական պետական Sana գործակալության հաղորդմամբ՝ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումը դավադրություն է, որի նպատակն է տապալել Քոֆի Անանի առաքելությունը:









































