Հայ ազգային կոնգրեսն այսօր տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասվում է.
«Մարտի 31-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկայի հետ:
Տիկին Շեկեռինսկայի խնդրանքով Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ իր նկատառումները: Առաջին նախագահը հատուկ կարևորել է ընտրողների ցուցակից բացակա ընտրողների տվյալների մաքրումը, նրանց ընտրելու իրավունքն ապահովելով լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հնարավորությամբ:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների և Կոնգրեսի մարզային շտաբերի համագործակցության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:







































