Մալիում մարտի 22-ին իշխանությունը գրաված կապիտան Ամադու Սանոգոն կոչ է արել միջազգային հանրությանը օգնել իր կառավարությանը երկրի հյուսիսում ապստամբ տուարեգների դեմ պայքարում:
«Ապստամբները շարունակում են հարձակումներ գործել մեր քաղաքների վրա և ահաբեկության ենթարկել բնակչությանը: Դրությունը հասել է ծայրահեղ կետի: Տարածքային ամբողջականությունը և խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար մեր բանակին անհրաժեշտ է աջակցություն Մալիի բարեկամների կողմից»,- հայտարարել է Սանոգոն Բամակոյում տեղի ունեցած մամլո ասուլիսին:
Ինպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս հայտարարությունը համընկել է ապստամբ տուարեգների հաջողությունների մասին լուրերին: Մարտի 30-ին նրանց հաջողվել է գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կիդալ քաղաքը երկրի հյուսիսում: Գործակալությունը նշում է, որ տուարեգները հաջողության են հասել «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Անսար Ալ-Դին» խմբավորման հետ համատեղ գործողությունների շնորհիվ:
Տուարեգներն ավելի քան 10 տարի պայքարում են Մալիի հյուսիսում անկախ պետականություն ունենալու համար: Վերջին ամիսներին նրանք մեկը մյուսի հետևից հաղթանակ են տանում, ինչն էլ հենց հանդիսացել է Մալիում ռազմական հեղաշրջման պատճառը:
Միջազգային հանրությունը կոչ է արել ռազմական խունտային անմիջապես իշխանությունը վերադարձնել քաղաքացիական կառավարությանը: Հարևան երկրները վերջնագիր են ներկայացրել խունտային՝ անմիջապես հրաժարվել իշխանությունից, հակառակ դեպքում նրան կսպասվեն տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ:









































