ԱՄՆ-ում ողջունում են Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի այցը Կուբա և համոզված են, որ Պապը երկրի իշխանությունների հետ քննարկել է մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված հարցեր: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Կուբա էր այցելել մարտի 26-28-ը: Ավելի վաղ, Սուրբ գահի ներկայացուցիչ հայր Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել էր, որ Վատիկանը քննադատում է ԱՄՆ-ի կողմից Կուբայի տնտեսական շրջափակումը:
«Մենք արդեն մեկնաբանել ենք, թե ինչու ենք առևտրային էմբարգո հաստատել Կուբայի համար: Մենք նաև բազմիցս ասել ենք, որ Կուբայի հետ մեր քաղաքականությունը կառուցում ենք ամերիկացիների և կուբացիների հարաբերությունների ընդլայնման սկզբունքի վրա, նաև քայլեր ենք ձեռնարկում այդ հարաբերությունների և շփումների որակը բարելավելու ուղղությամբ: Իհարկե, մենք ողջունում ենք Հռոմի Պապի այցը Կուբա»,- ասել է Տոները` խուսափելով մեկնաբանել Վատիկանի ներկայացուցչի հայտարարությունը:
Նա միայն նշել է, որ Բենեդիկտոս 16-րդի այցը լավ հնարավորություն է կրոնի ազատության և մարդու իրավունքների հարցը բարձրացնելու համար:
Նշենք, որ Կուբայի կառավարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հաստատված էմբարգոն, սկսած 1961 թվականից, այսօրվա գներով Կուբային հասցրել է 104 միլիարդ դոլարի վնաս, իսկ եթե հաշվի առնենք դոլարի արժեզրկումը ոսկու համեմատ, ապա այդ ընթացքում Կուբան կրել է 975 միլիարդ դոլարի վնաս:









































