Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանության ղեկավար Աբդուլ Լատիֆ Ալ- Շեյխը իր ենթականերին կոչ է արել չլրտեսել քաղաքացիներին և չհետապնդել նրանց մեքենաները: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանության նպատակն է հետևել թագավորության բնակիչների բարոյական վարքին: Գործունեության ընթացքում գերատեսչության անդամները քննադատության են ենթարկվել ինչպես թագավորության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դժգոհությունների պատճառը խախտումներ գրանցելու դեպքում նրանց կողմից կիրառված մեթոդներն են:
Աբդուլ Լատիֆ Ալ-Շեյխը, որը նշանակվել է այս տարվա հունվարին, հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր ենթականերից շատերը մի շարք դեպքերում ոչ կոռեկտ են գործել:
Ալ-Շեյխը նշել է, որ իրենք ջանքեր են գործադրել իրենց հեղինակության վերականգնման համար, որը վերջին հաշվով կանդրադառնա նաև իսլամի դրույթների ճիշտ ըմբռնմանը:
Այդպիսի քայլերից է ոստիկանության աշխատակիցների համար ուսուցողական սեմինարը, որի ժամանակ կրոնական ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ նրա անդամներին կբացատրեն իրենց սխալները:
2010թ. Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել ավելի քան 250 հազար մարդու:









































