Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիրջինիա նահանգում գտնվող «Նորֆոլկ» բազայից մարտական պարեկության համար Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ամֆիբիա-դեսանտային նավերի խումբը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ այդ նավերի մեջ ընդգրկված են նաև ուղղաթիռակիրներ. «Նավերում է գտնվում ծովային հետևակի գումարտակ: Նավախումբն ուղարկվում է պլանային արշավի՝ ծովային շրջանների անվտանգության ապահովման համար տարվող օպերացիաներին մասնակցելու, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու, անվտանգության ապահովման հարցում տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու համար: Այն գործելու է 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտում, մասնավորապես Պարսից ծոցում ու Արաբական ծովում»:
Հիշեցնենք, որ ներկայումս Միջերկրական ծովում է գտնվում Նորֆոլկից Պարսից ծոց ուղևորվող Enterprise ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումը:









































