Վաշինգտոնը պատրաստվում է շարունակել Ռուսաստանի հետ բանակցությունները հակահրթիռային պաշտպանության շուրջ, չնայած համոզված չէ, որ կողմերը կարող են հարթել տարաձայնություններն այդ հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Քլինթոնը նշել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան արդեն վաղուց «բանակցում են հակահրթիռային պաշտպանության տեխնիկական ասպեկտների շուրջ, և դա չպետք է ոչ ոքի զարմացնի»: «Մենք հետևողականորեն՝ և՛ երկկրողմանի մակարդակով, և՛ ՆԱՏՕ-ի միջոցով, փորձում ենք Ռուսաստանին հրավիրել ՀՀՊ համակարգի ստեղծմանը համատեղ մասնակցության: Սակայն դրա համար դեռ ժամանակ կպահանջվի»,- ասել է պետքարտուղարը:
«Կհաջողվի՞ այդ հարցում ապագայում երբևէ բեկում մտցնել՝ դեռ պետք է պարզել, սակայն մենք, իհարկե, դա դիտում ենք որպես երկարաժամկետ գործընթաց»,- ասել է նա:
Քլինթոնը հայտարարել է, որ ամեն դեպքում ԱՄՆ-ը կշարունակի ՀՀՊ համակարգերի ստեղծման աշխատանքները Եվրոպայում: «Մենք ակնկալում ենք, որ Չիկաագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվի այդ գործընթացի հետագա առաջընթացի մասին- ասել է Քլինթոնը։- Մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության հարցում և կարծում ենք, որ դա կհամապատասխանի երկու կողմերի շահերին: Սակայն մենք ՆԱՏՕ-ի հետ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ, և կփորձենք դրանք ավարտին հասցնել առաջիկա տարիներին»:
Խոսելով ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Քլինթոնը նշել է դրանց համալիր բնույթը և հաստատել, որ ԱՄՆ-ը շահագրգռված է դրանց հետագա զարգացման հարցում: «Մենք նաև բավական ընդգրկուն երկխոսություն ենք վարում Ռուսաստանի կառավարության և ռուս հասարակության հետ տարբեր մակարդակներում»,- ասել է պետքարտուղարը Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ Օբամայի վարչակազմը պատրաստվում է շարունակել սերտ համագործակցությունը Մոսկվայի հետ: «Ինչ-որ մեկին կարող է զարմացնել մեր համառությունը և հաստատունությունը Ռուսաստանի հետ փոխխհամաձայնության հարցում, սակայն մենք կշարունակենք այն Ռուսաստանի ընտրված նախագահ Պուտինի հետ այնպես, ինչպես իրականացրել ենք նախագահ Մեդվեդևի հետ»,- եզրափակել է Քլինթոնը:









































