Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունները տեղի կունենան ապրիլի 13-ին: Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններս հավելել են, որ դեռևս ձեռք չի բերվել պայմանավորվածություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների անցկացման վայրի մասին: Նրանք նշում են, որ «Վեցյակը» դեմ է բանակցությունները Ստամբուլում անցկացնելու Իրանի առաջարկին, քանի որ 14 ամիս առաջ այդ քաղաքում կայացած բանակցություններն անարդյունք են ավարտվել:
Իրանական կողմն իր հերթին չի ցանկանում բանակցությունները վարել Վիեննայում, քանի որ այնտեղ է գտնվում ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանը, որի կարծիքով՝ Իրանը գաղտնի միջուկային զենք է մշակում:
Աղբյուրները հայտնում են, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների անցկացումը վտանգի տակ չէ:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում տեղի են ունեցել 2011 թվականի հունվարի 21-22-ը և որևէ արդյունք չեն տվել:








































