ԴԱՀԿ մամուլի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը միջազգային փորձագետներ է հրավիրել Հայաստան: Մասնավորապես, Հայաստանի հարկադիր կատարողների համար զեկույցներով հանդես կգան Դատական կատարողների միջազգային միության առաջին փոխնախագահ Բերնարդ Մենյուն և Հարկադիր կատարման հարցերով ԵՄ փորձագետ Ջոս Աութդեհագը:
Մարտի 26-29-ը ԴԱՀԿ-ում անցկացվող Կլոր-սեղան քննարկումների շրջանակում կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու հարկադիր կատարողների գործունեությունը, Եվրոպայում գործող հարկադիր կատարման ծառայության տարբեր համակարգերի համեմատական վերլուծությունը, իրավական կրթության ԵՄ չափանիշները, ինչպես նաև հարկադիր կատարման միջպետական գործառույթների կարգավորումները:
Փորձագետները կներկայացնեն եվրոպական երկրներում հարկադիր կատարման համակարգերը, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարները. պետական և մասնավոր ծառայության մոդելները, ինչը հնարավորություն կտա քննարկելու մասնավոր հարկադիր ծառայության մոդելի կիրառման նպատակահարմարությունը Հայաստանի համար:









































