Այսօր Սիրիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ` բողոքելու կառավարության դեմ և պահանջելու նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հաղորդել էինք, ԵՄ-ն այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարության, նախագահի կնոջ և նրա մոտ բարեկամների հանդեպ։
Associated Press-ը հաղորդում է, որ անվտանգության ուժերը փորձել են մի քանի քաղաքներում ընթացող ցույցերը ցրել արցունքաբեր գազերի միջոցով: Ակտիվիստները հայտնել են, որ այսօր տեղի ունեցած ցույցերում զոհերի թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ շաբաթներին: Ակտիվիստները հայտնել են, որ անվտանգության ուժերի հարձակումների հետևանքով այսօր 20 մարդ է սպանվել:
Իսկ ԵՄ-ի և այլ երկրների կողմից ներկայացված պատժամիջոցները նպատակ ունեն դադարեցնել բռնությունները երկրում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել Սիրիայի կառավարությանն անհապաղ սկսել խաղաղության բանակցությունները, որին Դամասկոսը պաշտոնապես չէր արձագանքել:







































