Բարաք Օբաման իր և Ամերիկայի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Թուլուզում և Մոնտոբանում զոհվածների ընտանիքներին:
ԱՄՆ նախագահը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և հավաստիացրել նրան ահաբեկչության դեմ պայաքարում ԱՄՆ-ի աջակցության մասին:
Անցած տասը օրերի ընթացքում Ֆրանսիայի հարավում սպանվել է յոթ մարդ` երեք զինվոր, երեք երեխա և նրանց ուսուցիչը: Հանցագործությունն իրականացվել է ծագումով ալժիրցի երիտասարդի՝ Մոհամմեդ Մերի կողմից, ով հայտնել է, որ ինքն «Ալ-Կաիդա»–ի գաղափարակիրներից է:
Ֆրանսիական ոստիկանությունն ահաբեկչի հետքի վրա է դուրս եկել մարտի 20-ին: Ներկա դրությամբ օպերացիա է իրականացվում հանցագործին ձերբակալելու համար, որը պաշտպանվում է իր բնակարանում: Օպերացիայի ընթացքում վիրավորվել են երեք ոստիկաններ, բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս: Դեպքի վայր վերջին ժամերին հավելյալ ուժեր են ժամանել:









































