Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է իր հայրենակիցներին՝ անդրադառնալով նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Անարդար է, որ մի շարք դեպքերում ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերը կատարվում են անհապաղ՝ մի քանի ժամում, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա մոտ 20 տարի է, ինչ դրա վերաբերյալ բանաձևերը մնում են թղթի վրա: Դա միջազգային իրավունքի խախտում է և վկայում է միջազգային իրավունքի խախտման նկատմամբ գերտերությունների ցուցաբերած անտարբերության մասին:
Պետք է վերականգնվեն միջազգային իրավունքի նորմերը: Պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները»:
Հիշեցնենք, որ 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ժամանակին հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն կեղծում է, երբ հայտարարում է, թե հայկական կողմը չի իրագործում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ 4 բանաձևերը.
«Բաքուն ինքը չի կատարել այդ բանաձևերից և ոչ մեկը՝ բացի հրադադարի կնքումից: Բաքուն ինքն է առաջինը ձախողել այդ բանաձևերի առանցքային դրույթները՝ հենվելով ուժի վրա և մեկ տարի շարունակ ձգձգելով ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը հետևանքով նա կորցնում էր շրջանը շրջանի հետևից: Արդյունքում, 1993 թվականի նոյեմբերի կեսերից սկսած՝ ՄԱԿ ԱԽ-ը դադարեց Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր ընդունել»:







































