Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին և «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին ՀՀԿ համամասնական ցուցակում ներառելը Սերժ Սարգսյանի ձգտումն է՝ մինչև ընտրությունների ավարտն ունենալ ավելի լայն կոալիցիա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Եթե հանկարծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվի մտնել կոալիցիոն նոր դաշինք, Սերժ Սարգսյանը, ի դեմս այդ կուսակցությունների ներկայացուցիչների, փոքրիկ կոալիցիա կունենա: Շատ հնարավոր է, որ եթե համագործակցության պատրաստ ուրիշ ուժեր էլ լինեին, նրանց էլ ներառեր»,- ասաց նա:
Ադիբեկյանի խոսքով՝ Արտաշես Գեղամյանը վերջին երեք տարիներին հանդես է գալիս որպես անալիտիկ մտածող և կարող է ՀՀԿ-ին որոշ հարցերում պիտանի լինել: «Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանին, ապա նա բավականին պրակտիկ, կյանքի փորձ ունեցող գործիչ է: Հայկ Բաբուխանյանն էլ իր թերթի միջոցով որոշակի ընտրազանգված ունի: Նա էլ, փաստորեն, պատահական մարդ չէ, հմուտ է: Շատ հնարավոր է, որ նա ԱԺ-ից վերադառնա գործադիր»,- նկատեց Ադիբեկյանը:
Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը զբաղեցնում են համապատասխանաբար՝ 17-րդ, 18-րդ և 19-րդ հորիզոնականները:







































