Ինչպես գրում է ռուսական Kommersant-ը, Ուկրաինայի հատուկ ծառայությունները չեն կարողացել ձեռք բերել հիմքեր և նոր ապացույցներ` ազգությամբ չեչեն Ռուսլան Մադաևին և Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին Պուտինի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանք ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Օդեսայի շենքերից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով Մադաևը մահացել էր, իսկ Պյանզինը տեղափոխվել էր հիվանդանոց: Այրված բնակարանում հայտնաբերվել էին պայթուցիկ սարքեր:
Քննությունը պարզել էր, որ Պյանզինն ու Մադաևը 2007թ.-ից գտնվում են հետախուզման մեջ` Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ մահափորձ իրականացնելու համար: Փետրվարի 27-ին ռուսական «Առաջին» հեռուստաալիքը ցուցադրում է մի տեսանյութ, համաձայն որի՝ այս երկու հետախուզվողները մահափորձ էին նախապատրաստում վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Շատերն այս տեսանյութը նախընտրական շոու անվանեցին, որը պետք է օգներ Պուտինին նախընտրական փուլում լրացուցիչ ձայներ հավաքել:
Թերթի աղբյուրները նշում են, որ քննչական խմբին չի հաջողվել ձեռք բերել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին մահափորձի նախապատրաստման փաստը:







































