Երևանի տարբեր խնդիրներով մտահոգ և վերջին շրջանում ակտիվ գործունեություն ծավալած մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ համախմբվել են Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորման տեսքով` կյանքի կոչելու հանրությանը հուզող մի շարք համընդհանուր խնդիրներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանին վերաբերող մի շարք հրատապ խնդիրների շուրջ խոսեցին «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Սահրատ Պետրոսյանը, «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Բիանջյանը և «Փրկենք հուշարձանները» նախաձեռնության ներկայացուցիչ Նարեկ Աշուղաթոյանը:
Գրիգոր Ղազարյանի կարծիքով՝ այս միավորումը չի նշանակում որևէ նախաձեռնության ձուլում. «Նպատակը պարզապես մեր ջանքերի միավորումն է՝ քաղաքի խնդիրների շուրջ պայքարելու համար: Այս քայլին, բացի քաղաքացիական նախաձեռնություններից, կարող են միանալ նաև ազատ քաղաքացիներ: Մեր առաջին քայլերից է լինելու առաջնային խնդիրների վերաբերյալ ստորագրահավաքի անցկացումը, որը սկսվելու է վաղվանից»:
«Այս միավորման ներքո մեր պահանջներից մեկը պատմամշակութային հուշարձանների պահպանությունն է: Կառավարության որոշմամբ մի շարք հուշարձաններ պատրաստում են տեղափոխել: Փորձը ցույց է տվել, որ տեղափոխումը հավասարազոր է քանդման, քանի որ այդ ընթացքում հուշարձանը կորցնում է իր պատմամշակութային տեսքը: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մասին օրենքի 21-րդ հոդվածը արգելում է հուշարձանների քանդումը»,-հիշեցրեց Նարեկ Աշուղաթոյանը:
Ըստ Սարհատ Պետրոսյանի` միավորման հիմնական նպատակը որոշակի խնդիրների շուրջ համատեղ պայքարելն է և լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկելը. «Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ միավորվելով՝ փորձում ենք պայքարել մեր շահերի համար: Մենք հասել ենք այն ծայրահեղ կետին, որից հետո այսպես շարունակել հնարավոր չէ»:
Հայկ Բիանջյանը հայտնեց, որ այսօր քանդվել է 30-ից ավելի պատմամշակութային շենք, 9-ը պատրաստվում են քանդել, իսկ 5-ի գլխին «սև ամպեր» են կուտակված:
Վերջում Գրիգոր Ղազարյանը հավելեց, որ քաղաքը սարսափելի կերպով մուտացիայի է ենթարկվում. «Շենքերը աճում են սնկերի նման: Մենք պահանջում ենք, որ այս ամենը դադարեցվի, քանի որ քաղաքը քաղաքացու համար է: Նման քայլերի պատճառով է, որ մարդիկ արտագաղթում են` չունենալով ապրելու համար համապատասխան կենսամիջավայր»:









































