ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն Իրանի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո մեկնաբանել է դրանք.
«Իրանի խորհրդարանական ընտրություններն անցել են վախի մթնոլորտում: Իրանական ռեժիմն ընտրությունները ներկայացրել են որպես բարյացակամության փորձություն և ոչ թե բնակչությանը սեփական թեկնածուներին ընտրելու ազատ հնարավորության ընձեռում:
Երկրում տիրող վախի մթնոլորտի և թեկնածուների նկատմամբ խիստ ստուգումների, այլակարծների մշտական ճնշման, ընդդիմադիր գործիչների տնային կալանքի շարունակման արդյունքում բնակչության կողմից թեկնածուների ընտրությունը սահմանափակ է եղել:
Ռեֆորմիստական թևի ներկայացուցիչների մեծ մասը չի առաջադրել սեփական թեկնածությունը, ինչի արդյունքում ընտրությունները վերածվել են իշխող ռեժիմի պահպանողականների միջև ներքին մրցակցության: Մենք չենք կարծում, թե այս ընտրություններն արտացոլում են ժողովրդի կամքը»:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Իրանի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է նվազագույնը 64 տոկոս: 4 տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.4 տոկոսը:









































