Արիզոնացի շերիֆ Ջո Արփայոն, որին անվանում են «Ամերիկայի մեծն շերիֆ», երեկ հայտարարել է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը կարող է կեղծիք լինել, որը կատարվել է համակարգչով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նա այդ մասին հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրավիրվել էր Օբամայի կողմից ներկայացված փաստաթղթի իսկությունը պարզող հետաքննության նախնական արդյունքները հրապարակելու համար:
Արփայոն ասել է, որ հնարավոր է` կեղծիք է նաև 1980թ.-ին Օբամայի կողմից լրացված զինապարտության ձևը: Արփայոն, սակայն, չի նշել, թե ում կողմից են իրականացվել այդ կեղծիքները` հավելելով, որ իր կարծիքով՝ այդ կեղծիքների հետ Օբաման կապ չունի:
Օբամայի ներկայացուցիչներն Արփայոյի մամուլի ասուլիսը չեն մեկնաբանել: Միայն նրա շտաբի մամուլի քարտուղար Բեն Լաբոլթը Twitter միկրոբլոգերի իր կայքում շերիֆի մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակման հղում էր տեղադրել, սակայն այդ հղումով այցելուները հայտնաբերել են «Գաղտնի նյութեր» (The X-Files)` հայտնի ֆանտաստիկ դետեկտիվ սերիալի հատվածներ:
Հիշեցնենք, որ արդեն մի քաի տարի է, ինչ ԱՄՆ-ում կասկածի տակ է դրվում Օբամայի` ԱՄՆ-ում ծնված չլինելու հարցը: Անցած տարի Օբաման ներկայացրել էր իր ծննդական պատճենը, սակայն դրանից հետո խոսակցությունները չէին դադարել: ԱՄն-ում նախագահ կարող է դառնալ միայն այն քաղաքացին, ով ծնվել է ԱՄՆ-ում:









































