Ոչ պաշտոնական տարբեր վիճակագրությունների համաձայն` Հայաստանում բնակվող հնդիկ ուսանողները թվով ավելին են, քան Հայաստանի թվով 5-րդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ ուկրաինացիները: Պարսիկների ու սիրիացիների համայնքները թվով, իհարկե, զիջում են հնդիկներին, սակայն այս երեքին էլ Հայաստան է բերում հիմնականում հայկական բուհերում կրթություն ստանալու ցանկությունը. տարեկան Հայաստան է գալիս ավելի քան 150 հնդիկ, 100-ից ավելի պարսիկ և սիրիացի:
«Սա նշանակում է, որ մենք ունենք ևս 3 ազգային փոքրամասնություններ, որոնք տասը տարի ապրում են Հայաստանում, սովորում բժշկական համալսարանում, բավականին վարժ խոսում հայերեն, բայց դուրս են մնում բոլոր տեսակի քաղաքականությունների դաշտից ու կարծես դառնում անտեսանելի»,- մեզ հետ զրույցում նշեց «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թաթուլ Դավթյանը:
Հայաստանում այս մարդիկ այժմ բազմաթիվ խնդիրների են հանդիպում կրթական համակարգում, որոնք լուծելու հարցում արտասահմանցի ուսանողները չունեն իրենց աջակցող համապատասխան ինստիտուտներ: Չկան նաև կազմակերպություններ, որ կզբաղվեն նրանց խնդիրների ուսումնասիրությամբ, կիրազեկեն մարդու իրավունքների, մասնակցության տարբեր մեխանիզմների մասին, կներկայացնեն Հայաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ իրենց մասնակցությունն ապահովող պետական, միջազգային ծրագրերին առնչվող մանրամասները: «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայումս միակն է Հայաստանում, որ փորձում է չեզոքացնել Հայաստանում ապրող և փոքրամասնություն չհանդիսացող այս ազգությունների խնդիրները հաճախակի կազմակերպվող միջոցառումների և փառատոնների միջոցով: Կոնկրետ հնդիկ ուսանողների հետ կապը կենտրոնը պահում է Հնդկաստանի իրենց մասնաճյուղի օգնությամբ: Կազմակերպվող փառատոներին, սակայն, ցավոք, ամենաշատը 20 ուսանող է մասնակցում, ինչը նրանց ընդհանուր թվի համեմատ շատ քիչ է:










































