Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել այն բանից հետո, երբ երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական հետապնդում նախատեսող օրենքը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Ֆրանսիայում Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար Հրաչ Վարժապետյանին:
«Ֆրանսիայի հայերը չեն պատրաստվում հանձնվել, և մոտ ժամանակներս կանցկացվեն բողոքի ակցիաներ ընդդեմ դատարանի վերոնշյալ որոշման»,- ասել է Վարժապետյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը երեկ Սահմանադրությանը հակասող է համարել Հայոց ցեղասպանությունը հերքողների համար քրեական հետապնդում սահմանելու օրինագիծը:







































