Փետրվարի 23-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների ուղեկցությամբ երթով շարժվել էր դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հերթական երթի մասնակիցների պահանջը մեկն էր` վերացնել բանակում տեղի ունեցող մահացության դեպքերը: Երթի վերջնակետը նախագահական նստավայրի դիմացի մայթն էր, որտեղ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել էր մոտենալ նախագահական նստավայրի ճաղավանդակներին, սակայն ոստիկանները միջամտել և թույլ չէին տվել: Արդյունքում Նանա Մուրադյանը տեղեկացրել էր, որ ոստիկաններից մեկը հրել, ցավ է պատճառել իրեն` ճմռթելով իր մահացած տղայի նկարը, որը իր ձեռքին էր: Նա նաև նշել էր, որ կդիմի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին տվյալ ոստիկանին աշխատանքից հեռացնելու համար:
Այսօր նրա դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչ է կատարվել մի քանի օր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: «Առաջին լրատվական»-ը ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ ոստիկանության մայոր Ռոբերտ Մանուկյանից:
Նա նշեց, որ ցավ է ապրում, երբ իրականությունը շահարկվում է: Ըստ նրա` դժվար է պատկերացնել, որ հայ տղամարդը, հայ ոստիկանը որդեկորույս ծնողի նկատմամբ նման վերաբերմունք կցուցաբերի: «Սև հագած զգեստով մայրը ասում է մի բան, որն իրականությանը չի համապատասխանում: Այսօր մեր շարքում չկան ոստիկաններ, որոնք նման իրավիճակում այդպես իրենց կդրսևորեն: Մենք կոչված են պաշտպանելու ժողովրդի շահերը, մենք կոչված ենք պաշտպանելու մեր հասարակությանը, իսկ այդ կինը որդի է կորցրել, նրա վիշտը մեծ է, և կիսում եմ այն, բայց մեզ հետ նման կերպ պետք չէ վարվել»,- ցավով նշեց ոստիկանը:
Մեկնաբանելով փետրվարի 23-ին տեղի ունեցած դեպքը` նա ասաց, որ Նանա Մուրադյանին մի քանի անգամ զգուշացվել էր, որպեսզի չմոտենար նախագահական նստավայրի ճաղավանդակին: Սակայն Ռ. Մանուկյանը փաստեց, որ նա չի կատարել այդ օրինական պահանջը, մոտեցել և բռնել է ճաղավանդակից, իսկ ոստիկանները իրեն խնդրել են մոտենալ պիկետի անցկացման վայր, քանի որ ճաղավանդակին մոտենալ չի կարելի, և ոստիկանները դրա համար նույնպես պատասխանատվություն են կրում: «Չգիտեմ` ինչն էր պատճառը, հունից դուրս եկավ, ասաց, որ ես ճմռթել, ճղել եմ նկարը, բայց դա իրականությանը չի համապատասխանում, տեսանյութեր կան, որոնցում հստակ այդ ամենը ցուցադրվում է: Ես ցավ եմ ապրում, որ նա այդ հարցը շահարկում է: Չէր կարող հայ ոստիկանը նման կերպ վարվել: Ես ունեմ երեք երեխա, ծնողներ, նայելով նրան, ես իսկապես սգում եմ, որ մայրը հայոց բանակում որդի է կորցրել:
Ինչու է մեր գործողությունները նման կերպ շահարկում: Ես պարզապես նրան ուղեկցել եմ հեռանալ ճաղավանդակներից`կատարելով իմ աշխատանքային պարտականությունները»,- զարմանք հայտնելով պատմեց ոստիկանը`հավելելով, որ նման քայլի երբեք չէր գնա:







































