Այսօր Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից բացատրություն պահանջեց, թե ինչո՞ւ օրինագծի շուրջ հանրային լսումներ չկազմակերպվեցին, թեև նման պահանջ դրվել էր խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգության» և ՀՅԴ-ի կողմից:
«Հանձնաժողովը չի մերժել լսումներ կազմակերպելը, ուղղակի այդ առաջարկը չի հնչել հանձնաժողովի նիստի ժամանակ»,- պատասխանեց Դ. Հարությունյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև Ս. Սաֆարյանը:
Օրինագիծը հրատապ համարելու և 24-ժամյա ռեժիմով քննարկելու կառավարության պահանջը, ըստ Դ. Հարությունյանի, պայմանավորված է նրանով, որ «մտնում ենք նախընտրական թեժ ժամանակաշրջան», իսկ նման օրենքները պետք է ընդունվեին ոչ թե հիմա, այլ ավելի վաղ. «Եվ ինչքան ավելի մոտ են ընտրությունները, այնքան ավելի քաղաքականացված մեկնաբանություններ են հնչում: Լավ է ուշ, քան ավելի ուշ: Օրենքն արդեն ուշացած ենք քննարկում»:









































