Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը: Այս մասին հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը»:
Ըստ այդ տեղեկության՝ ավազակախմբի 2 անդամները գտնվել են միջազգային հետախուզման մեջ և ձերբակալվել են Օդեսայում տարվա սկզբին: Դատելով գտնված ապացույցներից և հանցագործների ցուցմունքներից՝ մինչ Մոսկվայի պայթյունները մնացել էին հաշված շաբաթներ: Ահաբեկչությունները պատրաստվում էին իրագործել նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Ձերբակալվածներից մեկը՝ Իլյա Պյանզինը, պատմել է, որ իրենք Ուկրաինա էին եկել Արաբական էմիրություններից Թուրքիայի տարածքով՝ Դոկու Ումարովի ներկայացուցիչների կողմից հստակ ցուցմունքներով: Նրա խոսքերով՝ իրենց հանձնարարված է եղել մի քանի հարձակումներ իրականացնել Մոսկվայի տնտեսական օբյեկտների վրա և ահաբեկչություն իրականացնել Պուտինի դեմ. վերջինը հանձնարարված էր մահապարտի:
Պյանզինը պատմել է իրենց ավազակախմբի ևս մեկ անդամի՝ Ադամ Օսմաևի մասին, որը նույնպես ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից: Նա մինչ այդ ապրել է Լոնդոնում ու պետք է նրանց նախապատրաստեր և ուղարկեր Մոսկվա: Գործողությունների ամբողջ ծրագիրը օպերատիվ ծառայությունների աշխատողները հայտնաբերել են նրա նոթբուքում: Օսմաևը խոստովանել է, որ ծրագրում ամեն ինչ մանրամասն հաշվարկված է եղել. քանի մեքենա է Պուտինին ուղեկցելու, որ փողոցներից և այլն: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել: Դետոնատորների և պլաստիտների մի մասը Մոսկվա են բերվել նախօրոք:
Ուկրաինայում ահաբերկիչների ձերբակալման մասին հայտնի էր 2012 թ. հունվարին, սակայն ենթադրյալ հանցագործների թիրախներն անհայտ էին: Ահաբեկիչները ձերբակալվել էին այն բանից հետո, երբ Օդեսայում վարձակալված բնակարաններից մեկում պայթյուն և հրդեհ էր եղել: Սկզբնապես հաղորդվում էր, որ գազի բալոն է պայթել, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթյունը տեղի է ունեցել տանն ապրող տղամարդկանց գործողությունների հետևանքով:
Բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին պայթուցիկ սարքերի մասեր: Պայթյունի հետևանքով մահացել էր կենվորներից մեկը, որն էլ, ինչպես պատմել են ձերբակալվածները, հենց պատրասվում էր դառնալ մահապարտ:









































