Լիբիայի քաղաքական պատերազմի հետևանքները, ինչպես սպասվում էր, սկսել են անկայունացնել իրավիճակը նաև տարածաշրջանի այլ երկրներում:
Լիբիայում առկա խնդիրներից բացի, նոր ճգնաժամ է նկատվում Մալիում, որտեղ լայնամասշտաբ պատերազմ է ծավալվում կառավարական ուժերի և տուարեգների միջև, ովքեր Լիբիայում կռվում էին Մուամար Քադաֆիի կողմից:
Մալիում քոչվորները հերթական պատերազմն են ծավալել անկախության համար` պահանջելով հյուսիսային երեք շրջանների ինքնակառավարում: Փորձագետների կարծիքով՝ նոր անկայուն իրավիճակը սպառնում է տարածաշրջանի ավելի քան տասը երկրների, որտեղ առկա է նաև տուարեգների խնդիրը:
Մալիում սկսված կոնֆլիկտի պատճառով տասնյակ, իսկ որոշ տվյալների համաձայն՝ հարյուրավոր մարդիկ են զոհվել: Հազարավոր մարդիկ փախստական են դարձել: Տեղական իշխանություններն ասում են, որ փախստականների թիվը 35 հազար է: Սակայն ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այդ թիվը գերազանցում է 44 հազարը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն «անցած քսան տարիների ընթացքում մարդու իրավունքների վատագույն ճգնաժամն է Մալիի հյուսիում»:
Коммерсант թերթի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս տուարեգների հարձակմանն են ենթարկվել Մալիի ավելի քան յոթ քաղաքներ, որոնցից հինգը գրավվել է:











































