ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը կասկածում է, որ ԵԱՀԿ-ն օբյեկտիվ ու անաչառ գնահատական է տալու Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմության պահանջած 2 հազար միջազգային դիտորդ Հայաստան չգործուղելու դեպքում ԵԱՀԿ-ն չկարողանա օբյեկտիվ գնահատական տալ ընտրությունների ընթացքին ու արդյունքներին:
«ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը միանշանակ չեմ վստահում: Երբ կգան մարդիկ, ովքեր իրական պատկերն ի ցույց կդնեն աշխարհին ու Եվրոպային, կհավատամ այդ կառույցի ժողովրդավարությանը, իսկ առայժմ թույլ տվեք չհավատալ: Միաժամանակ, նախորդ ընտրություններին գտնվեցին եվրոպացի պարկեշտ պատգամավորներ, ովքեր փաստեցին, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել: Այն ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն իրավունք չուներ հայտարարելու, որ Հայաստանում ընտրությունները եվրոպական չափանիշներով են անցկացվել: Փառք Աստծո, այս անգամ «պրծանք» Պրեսկոտից ու պրեսկոտիզմից: Բայց եթե հանկարծ նրա նման մեկը նորից եկավ մեր երկիր, 10 հազար դիտորդ էլ գա, այդ մարդը, միևնույն է, կհայտարարի, որ ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան են անցել»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան նախօրեին հայտարարել էր, որ այս անգամ Հայաստան այցելող դիտորդների թիվը մոտ կլինի նախկինում այցելած դիտորդների թվին: Այսինքն` մի քանի հարյուր, որը գուցեև բավարար չէ ընտրության ընթացքում յուրաքանչյուր տեղամասում մշտական ներկայություն ապահովելու համար, բայց ավելի քան բավարար է` ունենալու համար պատշաճ տեղեկատվություն ընտրությունների անցկացման ճիշտ գնահատականը տալու համար: «Դիտորդական առաքելության հստակ կազմը կորոշվի 2 շաբաթից` Հայաստան այցելող ընտրական կարիքները գնահատող առաքելության գործունեության հիման վրա»,- բացատրել է Հոֆստրան` վստահեցնելով, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանում ընտրությունների դիտարկման լիարժեք առաքելություն է իրականացնելու:







































