Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը: Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ներքև թափվելով, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը և կյանքին:
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից տնօրինվող շարժասանդուղքների թռիչքային բարձրությունը սահմանափակ է և ունեցած հնարավոր բարձրության վրա է միայն տնօրինվում, տեխնիկական աջակցության խնդրանքով Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի տրամադրած շարժասանդուղք ունեցող հրշեջ մեքենաների օգնությամբ էլ իրականացվում են բարձրահարկ շենքերի կտուրներից սառույցի և ձնահեռացման աշխատանքները:
Հաշվի առնելով բուն մաքրման ընթացքում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հատվածաբար օպերատիվ հերթապահություն էին իրականացնում նաև պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:







































