ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունից «Ժամանակ»-ի և «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան` հերքեցին «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանին ճնշելու լուրը: ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց հետևյալը. «Չէ, իրա նկատմամբ ոչ մի տեսակի ճնշում չի կիրառվել, ինքը այնտեղ կրում է պատիժը այնպես, ինչպես մնացած դատապարտյալները: Ինչ-որ յուրահատուկ վերաբերմունք կամ ինչ-որ բան չկա»:
Մինչդեռ ավելի ուշ մեզ հասած տեղեկություններով` դրսից եկած ինչ-որ անձինք մտել են Արտակ Հակոբյանի խուց, ամեն ինչ վերցրել մոտից, ձեռքերին ձեռնաշղթաներ անցկացրել և սկսել առանց պատճառաբանության ծեծել, որոնց արդյունքում դատապարտյալը ոչ միայն տարբեր տեսակի մոտ 150 դեղահաբ է խմել, այլ նաև ներարկիչի ասեղներ կուլ տվել, և այժմ գտնվում է հոգեբանական ծայրահեղ վատ ու խոշտանգված վիճակում:
Հիշեցնենք, որ այսօր վերոնշյալ լրատվամիջոցներում լուր էր տպագրվել, ըստ որի 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ կասկածվող և օրերս` փետրվարի 8-ին կալանավորված «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանի գործի հետ կապված դատապարտյալը` Ա. Հակոբյանը, մեծ քանակությամբ ինչ-որ դեղամիջոցներ է խմել: Կասկած կար, որ նա դա արել ինչ-որ ճնշումներից ազատվելու նպատակով:
Օրերս հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ուղեկցությամբ նրան պետք է տեղափոխեին մայրաքաղաքի ՔԿ հիմնարկներից մեկը: Հայտնի չէ` ուղեկցողները «Գորիս» ՔԿՀ էին եկել դատապարտյալին պաշտպանելու՞, թե՞ հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման և նախաքննության վրա անհրաժեշտ ձևով ի սկզբանե ազդելու նպատակով:
Նշենք, որ ըստ նախաքննության նախնական տվյալների` Նարեկ Հարությունյանը կաշառք էր վերցրել դատապարտյալի հարազատից` պարտավորվելով առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:
Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:








































