Ապանասենկովյան շրջանի Ռագուլի գյուղի առաջին դասարանցի Անյա Բուգաևան փրկել է երկու փոքր երեխաների կյանքը, ովքեր մնացել էին սառույցի տակ: Այս մասին հաղորդում է ГТРК Ставрополье-ն՝ հղում անելով տեղական հակահրդեհային և վթարա-փրկարարական ծառայությանը:
Դեպքը, որը քիչ է մնացել խլեր ութամյա Օլիվիա Վիտոշկինայի և չորսամյա Արտյոմ Կլիմենկոյի կյանքը, տեղի է ունեցել կիրակի օրը: Երեխաները խաղալիս են եղել փողոցում, և չնայած ծնողների արգելքին, որոշել են սահել կեղծ սահադաշտի վրա, որը ձևավորված է եղել փոսի մեջ կուտակված ջրի շնորհիվ: Սառույցը ճաքել է, Օլիվիան և Արտյոմը վայրկենապես հայտնվել են ջրի մեջ: Նրանց ընկերուհի Անյա Բուգաևան իրեն չի կորցրել: Նա հասկացել է, որ մեծահասակներին կանչելու ժամանակ չկա և ինքնուրույն դուրս է հանել իր ընկերներին ջրից`նախ ընկերուհուն, ապա երկուսով դուրս են բերել տղային:
Հայրենի գյուղում Անյան դարձել է հերոսուհի: Տեղի դպրոցի հոգեբանը դիմել է փրկարարներին` խնդրելով աղջկա սխրանքը խրախուսել: Պաշտոնյաները խոստացել են նրան պարգևատրել: