Քուվեյթում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդները ներխուժել են Սիրիայի դեսպանատան շենք, կոտրել ապակիները և շենքի տանիքին բարձրացրել ընդդիմության դրոշը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Գործակալության աղբյուրների տվյալներով, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ցուցարարները հարձակումներ են իրականացնում ամբողջ աշխարհում Սիրիայի դեսպանատների վրա: Մասնավորապես, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մի խումբ սիրիացի ցուցարարներ ավերել և հրդեհել են Սիրիայի դեսպանատունը: Դրանով նրանք իրենց բողոքն են արտահայտել երեկ Հոմս քաղաքում իրականացված Սիրիայի զինվորականների գործողությունների դեմ, որոնց հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 337մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 1300-ի:
Բացի այդ, Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հակառակորդները բողոքի ակցիաներ են կազմակերպել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի սիրիական դեսպանատների դիմաց:
«Աստված, դու այնքան հզոր ես, օգնիր մեզ հաղթանակ տանել Բաշարի դեմ»,- վանկարկել են ակցիայի մասնակիցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակման է ենթարկվել Բեռլինում Սիրիայի դեսպանատունը. 20 հոգանոց խումբը ներխուժել էր դեսպանատան շենք և ավերել այն:








































